Դավիթ Դավիթյան

    Մոտ մեկ ամիս առաջ AzTV ադրբեջանական հեռուստաալիքով հեռարձակվելիք «Ադրբեջանի հայր» Մամեդ Էմին Ռասուլզադեին նվիրված վավերագրական ֆիլմն առեղծվածային կերպով չեղարկվեց։

    David Davidian
    David Davidian

    Չեղարկման վերաբերյալ կարելի է միայն ենթադրություններ անել, սակայն գոյություն ունի առաջատար վարկած։ Եթե նույնիսկ ֆիլմը մակերեսայնորեն ներկայացներ Ռասուլզադեի կյանքը, կբացահայտվեր նրա ակնհայտ կապը Ադոլֆ Հիտլերի և նացիստական Գերմանիայի հետ՝ առաջ քաշելով Սովետական Ադրբեջանի վաղեմի նկրտումներն ընդդեմ Խորհրդային Միության: Հիրավի, Ռասուլզադեն նշանակալի դեր է ունեցել 1918 թվականի Ադրբեջանական Հանրապետության ձևավորման գործում, սակայն 1920 թվականին Խորհրդային Կարմիր բանակի կողմից Ադրբեջանի գրավումից հետո նա փախուստի է դիմել։ 

    Հիտլերի կամ նացիստների հետ հնարավոր հարաբերությունների շահարկումը դարձել է միջազգային քաղաքականության մեջ ճնշման գործիք: Եթե ​​մենք դիտարկենք բոլոր ազգերի հարաբերությունները ֆաշիզմի կամ հատկապես Ադոլֆ Հիտլերի հետ մեղավոր դուրս կգա Եվրոպայի մեծ մասը։ Զավեշտալին այն է, որ Ադոլֆ Հիտլերը Time Magazine-ի կողմից ճանաչվել է տարվա մարդ 1938 թվականին: Մեկ այլ հեգնական, սակայն շատ իրական հանգամանք է, այն որ թեև Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվել են ավելի քան քսան միլիոն խորհրդային միության քաղաքացիներ, այդ թվում՝ 14 միլիոն զինվոր և անհայտ կորածներ, որոշ ռազմագերիներ կամավորագրվել էին Վաֆեն ՍՍ․ բանակում։ Նրանց թվում էին 30.000 վրացի, 33.000 հայ և 70.000 ադրբեջանցի: Այնուամենայնիվ, ադրբեջանցիները ձևավորեցին Վերմախտի օտարերկրյա ստորաբաժանումներից մեկը, դառնալով գերմանական բանակի մաս, գրեթե այնպես ինչպես բնիկ գերմանացի զինվորները: Այս ստորաբաժանումը ձևավորվել է 1941 թվականի դեկտեմբերին որպես մահմեդական կովկասյան լեգեոն, սակայն 1942 թվականին այն վերակազմավորվել է երկու առանձին լեգեոնների՝ Հյուսիսային Կովկասի և Ադրբեջանական լեգեոնի։ Վերջինս կազմված էր խորհրդային ադրբեջանցի ռազմագերիներից, սակայն ներառում էր նաև կովկասյան տարածաշրջանի այլ մահմեդականներ: Հետագայում այս ադրբեջանցի ռազմագերիներից մի քանիսը միացան Վաֆեն ՍՍ․-ին:

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և տարածաշրջանային կողմնակիցները մեծ մասամբ ներկայացնում են Հայկական լեգեոնի առաջնորդ Գարեգին Նժդեհին իբրև ֆաշիստ՝ անտեսելով Ադոլֆ Հիտլերի և նացիստական պատերազմի ջանքերի համար առավել կարևոր ֆիգուրներին: Նրանցից մեկն անշուշտ Մամեդ Էմին Ռասուլզադեն էր: Դիտարկենք Ադրբեջանական միջազգային ամսագրից հետևյալ հատվածը, օգոստոս 1999, էջ 24.

    «Շատ չանցած Հիտլերը սկսեց փնտրել մեկին, ով կներկայացնի իրեն Անդրկովկասյան տարածաշրջանում։ Նա չկարողացավ գտնել հարմար  որևէ մեկին հայերի կամ վրացիների շրջանակում, բայց լսել էր, որ Ռասուլզադեն բարեկիրթ ինտելիգենտ է»:

    Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայերին նացիստներ է անվանում՝ մատնանշելով 2017 թվականին Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում։ Չնայած հայերի դեմ Ալիևի պնդումներին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի գլխավոր փողոցը կոչվում է Ռասուլզադեի անունով։ Ռասուլզադեի պատվին անգամ թողարկվել են ադրբեջանական փոստային նամականիշներ։ 1993 և 1999 թվականների ադրբեջանական հազար մանաթի թղթադրամներում Ռասուլզահեի պատկերն է։ Ռասուլզադեի պատվին կանգնեցվել են նաև մի քանի արձաններ Ադրբեջանում՝ Նովխանիում, Զագաթալայում և Գյանջայում։

    Գարեգին Նժդեհի համագործակցությունը գերմանացիների հետ միտվել է կանխարգելելու վերջիններիս հնարավորին հաղթանակի դեպքում թուրքերի ներխուժումը Կովկաս: Բացի այդ, Նժդեհը կանխարգելել է հայերի դեմ նացիստական ռասսայական օրենքների կիրառումը: Նացիստական գաղափարախոս Ալֆրեդ Ռոզենբերգը հայերին և հրեաներին անվանել է «աղբի ժողովուրդներ»։ Գերմանական բարձրագույն հրամանատարության հայտարարության համաձայն «հայերն ավելի վատն էին, քան հրեաները»։ Առաջինը նշված է «Der Mythus des Zwanzigsten Jahrunderts»-ում (Մյունխեն 1930, էջ 213), իսկ երկրորդը՝ «Վարպետ ցեղի առասպելը. Ալֆրեդ Ռոզենբերգը և նացիստական գաղափարախոսությունը»-ում(Ռոբերտ Սեսիլ, Լոնդոն, 1972, էջ 200): Ի վերջո, հայերը նման հայտարարություններից «ձերբազատվեցին»։

    Ի հակադրություն Նժդեհի, Ռասուլզադեի նպատակներն ավելի մեծամասշտաբ էին: Ռասուլզադեն հարաբերություններ է հաստատել նացիստների հետ 1930-ականներին, երբ բնակվում էր Ռումինիայում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Գերմանիայի ներկայացուցիչները Ռումինիայի իշխանություններին ծանուցել են, որ Ռասուլզադեն իրենց քաղաքական դաշնակիցն է և խնդրել, որ Ռասուլզադեին տրամադրվեն փաստաթղթեր, որոնք թույլ կտան հեշտացնել դիվանագիտական անցումը Բեռլին: Ռասուլզադեի նպատակն էր օգնել նացիստական Գերմանիային և դաշնակից Թուրքիային նվաճել Կովկասը՝ ճանապարհ բացելով անկախ Ադրբեջանի համար և հավանաբար ոչնչացնելով այն, ինչ մնացել է Հայաստանից: Ե՛վ Ռասուլզադեն, և՛ Նժդեհը փորձել են օգտագործել նացիստներին իրարից հակառակ նպատակների համար: Բարեբախտաբար, Հիտլերը պարտություն է կրել։

    1942 թվականի մայիսին Ռասուլզադեն մասնակցել է նացիստների և կովկասյան մահմեդական էմիգրանտների ներկայացուցիչների հանդիպումներին և ադրբեջանցի ռազմագերիներից ակտիվորեն հավաքագրել լեգեոներներ գերմանական Վերմախտի համար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Ռասուլզադեն սկսում է կորցնել իր բարեհաճ վարկանիշը նացիստների շրջանում: Ոմանք պնդում են, որ Ռասուլզադեն չափազանց փառասեր էր Կովկասում նացիստական նախագծերի համար։ Մյուսները կարծում են, որ նացիստներն ավելի կարևոր խնդիրներ ունեին լուծելու, քանի որ պատերազմն ընթանում էր Գերմանիայի ծրագրերին հակառակ: Հետաքրքիր է, որ Ռասուլզադեն Գերմանիայում մնացել է մինչև 1947 թվականը: Նա ի վերջո հաստատվել է Թուրքիայում մինչև իր մահը 1955 թ․։ 

    Միացյալ Թագավորության պատերազմի գրասենյակի արխիվում (WO 208/4367) կարելի է գտնել Ադոլֆ Հիտլերի հետևյալ մեջբերումը, որն արտահայտել է 1942 թվականի դեկտեմբերի 12-ին Վոլֆշանզեում վրացիների և հայերի վերաբերյալ՝ ցուցաբերելով իր հստակ տեսակետը մահմեդական թուրք ժողովուրդների վերաբերյալ․ 

    «Վրացիները թուրք ժողովուրդ չեն, ավելի շուտ տիպիկ կովկասյան ցեղ են, հավանաբար նույնիսկ սկանդինավյան արյունով: Չնայած Ռոզենբերգի կամ ռազմական տեղեկատվությունների համաձայն առաջ քաշած բոլոր բացատրությունների, ես հայերին նույնպես չեմ վստահում: Նույնքան անվստահելի ու վտանգավոր եմ համարում հայկական ստորաբաժանումները։ Միայն վստահելի եմ համարում, մաքուր մուսուլմաններին, այսինքն իրական թուրք ազգերին»։

    Ռասուլզադեի և խորհրդային ադրբեջանցի զինվորականների ջանքերը նշանակալի էին, հատկապես մայոր Աբդուրահման Ֆաթալիբեյլի գործողությունները՝ որպես ադրբեջանական նացիստական լեգեոնի առաջնորդ և Բեռլինում ադրբեջանական ազգային կոմիտեի ղեկավար: Aserbaidschanische Feld-Bataillon I./111-ի ադրբեջանցի զինվորներն անգամ  մասնակցել են 1944 թվականի օգոստոսի Վարշավայի ապստամբությունը ճնշելուն, որի հետևանքով զոհվել է մոտ 40,000 խաղաղ բնակիչ:

    AzTV-ի այս վավերագրական ֆիլմի չեղարկումը բացատրող առաջատար վարկածի համաձայն չեղարկման պատճառ հանդիսացել է այն, որ պետք էր հրապարակայնորեն հաշվի նստել 1921 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը Ռասուլզադեի գործունեության հետ: Բնականաբար, ավելի հեշտ էր չեղարկել վավերագրական ֆիլմը, քան բացատրել այդ ամենն առանց ֆաշիստական համատեքստի, քանզի այդ տարիները պարզապես անհնար է ջնջել պատմությունից: Ադրբեջանցիները, ովքեր պնդում են, որ հայերը ֆաշիստ նացիստներ են, նախքան ցեխ շպրտելը պետք է հաշվի առնեն, որ իրենց ձեռքերն ավելի կեղտոտ են։ 

    Երևան, Հայաստան

    Հեղինակ՝ Դավիթ Դավիթյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս: Նա ավելի քան մեկ տասնամյակ անցկացրել է տեխնիկական հետախուզական վերլուծություններ անելով տեխնոլոգիական խոշոր ընկերություններում: Նա բնակվում է Երևանում, Հայաստան):

     

    Share.