Դավիթ Դավիթյան

    Ասված է. «Մարդուն բավարար երկար պարան տվեք և նա կկախվի»:

    David Davidian
    David Davidian

    Անմիջականորեն հետխորհրդային ժամանակաշրջանում Արևմուտքն ամեն ինչ արեց, որ խթանի «կովբոյական, առանց պետական միջամտության կապիտալիզմը»  նորանկախ պետություններում, ուր մեծամասնությունը երբեք չի ունեցել իր ինքնիշխանությունը պաշտպանելու ավանդույթներ, էլ չասած Ազգային մեծ ռազմավարության ստեղծման մասին, որով պետք է սպասարկվեր սոցիալական, տնտեսական և անվտանգային ենթակառուցվածքների մեծ մասը:

    Մերձբալթյան և արևելաեվրոպական հանրապետություններն ունեին որոշակի ավանդույթներ որոնց որոշ չափով կարելի էր ապավինել։ Նման բան չի եղել այն ժողովուրդների մոտ և այն  երկրամասերում, որոնք Խորհրդային Միության կազմում ընդգրկվեցին նրա ստեղծման տարիներին։

    Այդպիսի տարածաշրջաններից մեկն էր Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետությունը, որը հիմք ծառայեց 1936 թվականին Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական հանրապետությունների ստեղծման համար: Խորհրդային այդ երեք հանրապետություններից ոչ մեկում չկային ժամանակակից ինքնակառավարման ավանդույթներ՝ որպես ազգային ինստիտուտներ։ Խորհրդային Միության փլուզումից հետո, 1991-ական թվականներին, Վրաստանը, որն ունի Ռուսաստանի հետ երկարաձիգ սահման, իրեն ներկայացրեց որպես մի պետություն, որը Արևմուտքի/ՆԱՏՕ-ի/ԵՄ-ի արժեքների ընդունման հարցում, կարող է համեմատվել նախկին Վարշավյան պայմանագրի շատ երկրների հետ: Նման դիրքորոշում ընդունելն ավելի հեշտ էր, քան սեփական ազգային արժեհամակարգ ստեղծելու փորձ ձեռնարկելը, մանավանդ որ ընդունման հետ մեկտեղ ի հայտ եկան Համաշխարհային Բանկի, ԱՄՀ-ի և Եմ-ի զգալի ֆինանսական խթաններ: Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր դռները բացեց թուրքական ներդրումների համար՝ հույս ունենալով, որ դա կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելուն մոտեցնող քայլ: Արդյունքում Վրաստանն օգուտ քաղեց արևմտյան կապիտալի առավելություններից և ՀԿ-ների զգալի ֆինանսավորումից։  Սակայն, արդյունքը եղավ նաև այն, որ  Թուրքիան այսօր եթե չի վերահսկում, ապա առնվազն ուժեղ ճնշում է գործադրում Վրաստանի արտաքին քաղաքականության վրա:

    1992-ական թվականներին, երբ Ադրբեջանը շարունակում էր զարգացնել դեռևս մեկ դար առաջ սկիզբ առած թուրանականությունը, այդ երկրում գլուխ բարձրացրեց պանթուրքիզմը, ի դեմս Ադրբեջանի երկրորդ նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի: Էլչիբեյին հաջորդած Ալիևների տոհմական ավտորիտար կառավարությունը, տնօրինելով երկրի ածխաջրածինների պաշարները,  կարող էր իրեն թույլ տալ սերմանել թուրքերի կողմից ոգեշնչվող ժամանակակից ազգային ոգի, որը մեծապես հիմնվում է հանձինս հայերի գոյաբանական թշնամու կերպար ձևավորելու վրա: Դա, մասամբ, 1990-ականների սկզբին ղարաբաղյան առաջին պատերազմում կրած պարտության արձագանք էր։ Ադրբեջանում ածխաջրածինների փոխադրումն ու պաշարները պահպանվում են արևմտյան տերությունների, հիմնականում Մեծ Բրիտանիայի կողմից, և Բրիթիշ Փեթրոլյումը այդտեղ ներդրել է մոտ  70 մլրդ դոլար:  Բացի այդ, Ադրբեջանը սահմանակից է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Իրանին։

    Իրանի հետ սահման ունենալու այդ աշխարհագրական հանգամանքի ուժով Ադրբեջանը հետաքրքիր հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ, ներառյալ Ադրբեջանի տարածքում տեղակայված իսրայելական հետախուզական բազաների առկայությունը, որոնք օգտագործվում են Իրանի դեմ: Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ շռայլորեն վճարել այն ամենի համար, ինչը նրան պակասում է իվանագիտական պատշաճ հարաբերությունների ասպարեզում՝ այդ թվում կաշառատվությունը ԵՄ-ում, ծախու լրատվամիջոցների գնումը և փողերի համակարգային լվացումը:

    Մշակութային և սոցիալական շատ առանձնահատկությունների ուժով, որոնք պայմանավորված էին թուրքական ցեղասպանությամբ, ինչի հետևանքով վերացավ Փոքր Ասիայում հայ բնակչությունը և մշակույթը, ինչպես նաև դրանից հետո, Հայաստանի մնացած հատվածի բռնակցումը Խորհրդային Միությանը, պատճառ դարձան, որ ձևավորված Խորհրդային Հայաստանը, և վերջինիս հիման վրա ստեղծված անկախ Հայաստանը ծնեցին մի հասարակություն, որի թերահավատ տրամադրվածությունը համադրելի է թերևս միայն իսրայելցի հրեաների հետ։  Հասարակության մեջ, ընտանիքն ունեցել է առաջնային նշանակություն, մինչդեռ պետությունը մարդկանց կենդանի հիշողության մեջ եղել է կա՛մ ցեղասպանական, կա՛մ տոտալիտար։

    Տարածաշրջանի բոլոր երեք ժողովուրդները՝ ադրբեջանցիները, վրացիներն ու հայերը, ունեցել են կոռուպցիայի իրենց տեղական ուրույն տարատեսակը:  Այդ երկրներից յուրաքանչյուրը խորհրդային պետությունից քաղել է հնարավոր առավելագույնը, հատկապես այն բանից հետո, երբ գորբաչովյան շրջանի հրապարակայնությունը և վերակառուցումը մարդկանց համար բացեցին անհատական հարստություն կուտակելու հնարավորության դարպասները:

    Ժամանակն է պայքարել իրական թշնամու դեմ: Դոն Կիխոտ

    Ադրբեջանի զարգացող ածխաջրածնային ենթակառուցվածքը, հիմնականում ԲԹՋ (Բաքու-Թբիլիսի-Ջեյհան) խողովակաշարը, որը Վրաստանով անցնում է Թուրքիա, և վրացական ու ռուսական Սևծովյան Սուպսա և Նովոռոսիյսկ նավահանգիստներ տանող առանձին գծերը, համապատասխանաբար, ծառայել են գազի «քաղցով» տառապող Եվրոպային:  Մինչ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը դարձան միահյուսված քաղաքական ու ֆինանսական էներգետիկ հանգույց, Հայաստանի համար Ռուսաստանը մնաց որպես միակ հովանավոր։ Հետխորհրդային Հայաստանի առաջնորդների աշխարհայացքը հանգում էր նրան, որ Հայաստանն ի վիճակի չէ աշխարհաքաղաքական համարժեք մակարդակի հասնել իր թրքական հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ համեմատությամբ։  Հայկական սփյուռքի բազմապիսի հնարավորությունները, ազդեցությունն ու կարողություններն օգատգործելու փոխարեն (այնպես, ինչպես դա անում է Իսրայելը) այդ առաջնորդների ներքին օրակարգը հիմնված էր Հայաստանի օլիգարխների առաջին խմբին գործողությունների լիակատար ազատություն տալու վրա։

    Երկրի համար ազգային մեծ ռազմավարություն մշակելու փոխարեն, մեկ օրում հարստացած այդ անձինք գործարանները դատարկեցին սարքավորումներից, իսկ բարձր որակավորում ունեցող մարդիկ դիտարկվեցին իբրև մրցակիցներ և/կամ ազատվեցին աշխատանքից: Հայկական սփյուռքի մտավոր ներուժը նույնպես դիտարկվեց որպես մրցակցություն ։  Նրանց դրամական ներդրումները, որոնք նախատեսված էին ազգային խնդիրներին աջակցության և զարգացման համար, վատնվեցին։ Սփյուռքահայերի ամբողջ սերունդներ մերժվեցին՝ որպես ոչ պիտանի, ճիշտ այնպես, ինչպես մերժվեցին բարձր մակարդակի  գիտական հմտություններ ունեցող տեղացի հայերը: Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի վարկերը և ՀԿ-ների ֆինանսավորումը Հայաստանի իշխանությունների կողմից տնօրինվել են զրոյական թափանցիկությամբ, մութ թողնելով թե ինչպես են օգտագործվել այդ միջոցները և ինչ էր սպասվում դրանց դիմաց:  Տիպիկ սցենարն այն էր, որ  Հայաստանի որևէ նախարարության հետ կապ էր պահպանում Հայաստանում գործող որևէ օտարերկրյա դեսպանատուն: Դեսպանատունը, որպես կանոն, դիմում էր խնդրանքով, որ հայաստանյան տվյալ նախարարությունը որոշակի տնտեսական կամ քաղաքական գործունեություն վարի ի շահ այդ օտարերկրյա սուբյեկտի: Օրինակ, նախարարությանը կտրվեին որոշակի տեղական բերքի համար նախատեսված սերմեր, համապատասխան դրամական «գրանտի» հետ մեկտեղ: Նախարարը կգրպաներ այդ դրամաշնորհը, իսկ սերմերը կօգտագործվեին որպես տեղական հայկական բերքի համար մրցակից, և ի վերջո, դուրս կմղեին այդ տեղական արտադրանքը: Տեղական բնական սերմերը, որոնք արտադրում էին օրգանական, ավելի համեղ, հնարավոր է՝ արտահանման համար պիտանի մթերքներ, վաղուց անհետացել են այդ նախարարի հետ մեկտեղ, ով ժամանակին իրականացրել է այդ պայմանավորվածությունը։  Չնայած խաղի համար վարձատրվելու այս միտումը տարածված է ողջ երրորդ աշխարհով մեկ, այնուհանդերձ, Հայաստանի այսպես կոչված առաջնորդներն իրենց թափանցիկությունից պաշտպանված պետական միջամտությունը բացառող համակարգով նման գործարքները դարձրեցին առավել դյուրին: Խիստ կասկածում ենք, որ Ֆրանսիան թույլ կտար արտասահմանյան որևէ մրցակցի, ինչպիսին Իտալիան է, փոխարինել իր երկրի խաղողի սերմերը։

    Փոքր տարբերություն կա Հայաստանի օլիգարխների շրջանում իշխող սովորությունների և այն ամենի միջև, ինչը Հայաստանում համարվում է պետական կառավարում։  Զարմանալի չէ, որ բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունները գլխավորվում են որևէ օլիգարխի կամ օլիգարխի ներկայացուցչի կողմից։ Թեև օրենքներ կան, որոնք արգելում են գործարար շահեր ունեցող մարդկանց լինել խորհրդարանի անդամ, Հայաստանում բիզնեսի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը ընտանիքի անդամին ջանք չի պահանջում։  Այդ օլիգարխներից ու օլիգարխ պատգամավորներից շատերն անգամ չեն էլ փորձում թաքցնել իրենց ոչ գրավիչ, մաֆիոզ բնույթի փողոցային մականունները:

    Մտայնությունը, որը թափանցել է հայ հասարակության մեջ, հանգեցրել է նրան, որ երեսուն տարվա ժամանակաշրջանում հարստության կուտակումը վերածվել է  ազգային տենչի, և իրավապահ ու կառավարչական ենթակառուցվածքների աջակցությունը (կամ դրա բացակայությունը), որի շնորհիվ պահպանվում է այդ գոյություն ունեցող վիճակը, միանգամայն ըմբռնելի է: Շատ դեպքերում հասարակությունը բավարարված է գոյություն ունեցող համակարգով։ Հարմարավետ կյանքի ապահովումը գովելի նպատակ լինելով հանդերձ, գործարար էթիկան, որը ձևավորվել է վաղ հետխորհրդային շրջանում, երբ առաջացել են հարուստ օլիգարխներ, հիմնված չի եղել որևէ գործարար կարգապահության վրա: Շատ ավելի հեշտ էր թալանել պետական ռեսուրսները, քան ստեղծել մրցակցային միջավայր և նվազեցնել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գոյութենական սպառնալիքները։

    Դրան հակառակ, իշխող վերնախավը դժվարությամբ է հանդուրժում հայրենասեր հայ լինելու երևույթը (ամենալայն իմաստով)։  Հայրենասեր լինելը անմիջական  դրամական հոսքեր չի բերում, մինչդեռ դա հանրային ընդհանուր պահանջն է՝ պետական ինքնիշխանությունը պահպանելու համար։ Ոմանք գուցե նման տխուր իրավիճակը թյուրիմացաբար համեմատեն հարավ-եվրոպական երկրների հետ, որտեղ հարկերից խուսափելը ազգային մարզաձև է։  Սակայն, ի տարբերություն Հայաստանի, Հունաստանից մինչև Պորտուգալիա, նույնիսկ այն պետությունները, որոնք մատերի արանքով են նայում հարկերից խուսափելու երևույթին, ունեն ընդհանուր ռազմավարություն, որը վեր է կանգնած տեղական խնդիրների շրջանակներից։ Գոյություն ունեն բավարար ինստիտուտներ՝ լինեն դրանք դատական, դիվանագիտական, կրթական կամ արդյունաբերական, որոնք այդ պետություններից յուրաքանչյուրին առաջ են տանում որոշակի ազգային ուղղությամբ։ Կարելի է անգամ հակադարձել, որ արևմտյան ժողովրդավարությունները գոյություն ունեն միայն խոսքով՝ դրանցից յուրաքանչյուրն իրականում ավելի բարձր նպատակի հասնելու համար ստեղծված հասարակություն է։

    Շատերը ներդրման փուլում են Հայաստանի սոցիալ-տնտեսական կառուցվածքում։  Փոփոխության իրականացումը պահանջում է առկա վիճակի չանձնավորված սոցիալական բարեփոխում: Վերջինս պետք է հիմնվի Հայաստանի շահերի վրա՝ շեշտադրելով ազգային անվտանգությունն ու օրենքի գերակայությունը։  Այդ հնարավորությունները գերի են ներկայիս սոցիալ-տնտեսական կառուցվածքի ձեռքին։ Օրենքի գերակայությունն առաջնային նշանակություն ունի, քանի որ այն կբերի սոցիալական կարգապահության և պատասխանատվության զգացում։  Եթե իրավապահ գործունեությունը վերածվել է  բանակցությունների առարկայի՝ դպրոցական խաբեություններից մինչև ազդեցիկ մարդկանց հետ անձնական շփումները, ապա նման թերարժեք մշակութային գծերը անխուսափելիորեն կանդրադառնան պետական կառավարման վրա: Պատերազմները տանուլ են տրվել անգամ ավելի փոքր խնդիրների պատճառով։  Զսպումների և հակակշիռների համակարգով թափանցիկ ինստիտուտներն ունակ են ինքնաշտկման իրականացման, ինչը կհանգեցնի պատասխանատու կառավարման: Անհատների պաշտամունքը պետք է իր տեղը զիջի ազգային մեծ ռազմավարությանը ծառայելու պաշտամունքին։

    Ընտրությունները Հայաստանում տեղի կունենան հունիսի կեսերին, և մոտ երկու տասնյակ կուսակցություններ պայքարում են դիրքեր ձեռք բերելու համար։  Ցավոք, ընտրությունների ելքը Հայաստանի համար քիչ բան կփոխի, եթե, իհարկե, ներկայիս ոչ կոմպետենտության փոխարինումը ծանոթ-բարեկամներով առաջընթաց չհամարվի (եթե ենթադրենք, որ այսօրվա իշխող կուսակցությունը դուրս է մղվելու)։

    Ռազմավարությունը, որը հանգեցրել է պարտվողական արտաքին քաղաքականության, փափուկ դիվանագիտության և փոքր թափանցիկության, չի փոխվի։  Հին պարսկական ասացվածք կա. «Կարող ես փոխել թամբը, բայց էշը նույնն է»:

    Ինչպես կարելի է ընդունել իշխող կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի մայիսի 17-ին արած հայտարարությունը, ով Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց. «Մեր բանակը պաշտպանում է ժողովրդին, այլ ոչ թե ամայի որոշակի տարածքներ»: «Ամայի տարածքներ» եզրույթը վերաբերում է ինչպես Ադրբեջանի կողմից բռնազավթված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներին, այնպես էլ վերջերս Հայաստանի տարածք ադրբեջանական զորքերի  հայտնի 3,5 կմ խորությամբ ներխուժմանը: Սույն հայտարարությամբ փորձ է արվում հիմնավորել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի զավթումը, սակայն բացակայում է այն բանի հիմնարար ըմբռնումը, թե ինչ է իրենից ներկայացնում ինքնիշխան պետությունը: Այս հայտարարությունն ուղղված է հասարակության որոշակի շերտերի, որոնք անհամբեր սպասում են, որ ստորագրեն անշարժ գույքի և բիզնեսի առաջին պայմանագրերը ինչպես թուրքերի, այնպես էլ ադրբեջանցիների հետ: Այս սոցիալական տարրը անտեսում է, թե իրականում ինչ կնշանակի Հայաստանի ինքնիշխանության կորուստը կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում։ Եթե հարստության կուտակման տենչը փոխարինել է Հայաստանի ազգային մեծ ռազմավարությունը, ապա չի կարելի ենթադրել, որ այդպես է նաև Հայաստանի հարևանների մոտ արևելքում և արևմուտքում։ Հայաստանը գտնվում է անկայուն տարածաշրջանում և իրեն դրել է ռազմական կապիտուլյացիայի վտանգավոր իրավիճակում, որին շուտով կհետևեն տնտեսական զիջումները։

    Տեղական բիզնեսի, գյուղատնտեսության և բաշխման կորուստը երբեք Հայաստանի հասարակության օրակարգում չի եղել։ Բավական է միայն նայել թուրք ֆերմերների կողմից հարևան Վրաստանում լոլիկի շուկայի զավթմանը։ Եթե Հայաստանի կառավարումը ծառայեր Ազգային մեծ ռազմավարությանը, ապա այն կձգտեր, որ լավագույն ու խելացի մարդիկ կատարեին անհրաժեշտ պետական գործառույթները։ Ավելի վատ է, որ Հայաստանի վերնախավը ակնհայտորեն չի ուզում լավագույններին և խելացիներին, քանի որ նրանք  կխախտեն արդեն ձևավորված կարգը։

    «Պատրոն Դավոն»՝ Հայաստանի գլխավոր զինական մոնոպոլիստը, որը փետրվարի սկզբին ձերբակալվել էր ոչ հստակ մեղադրանքներով, ազատ արձակվեց մայիսի 17-ին։  Պնդում էր արվում, որ նա զենքի վաճառքից «չարդարացված» եկամուտ է ստացել։  Ինչ իմամանք, թե այն, ինչ նա վաճառել է հայկական զինված ուժերին, բա՞րձր որակի էր, թե՞ հիմքում իր հայեցողությունն էր՝ եթե նրա առաջնահերթությունը իր շահույթը առավելագույնի հասցնելն էր: Մենք պարտավոր չենք ենթադրել, թե նրա մտադրությունները եղել են ազնիվ:

    Հայաստանի անհեռանկարային վիճակից դուրս գալու ուղին ոչ թե մեկ այլ քաղաքական կուսակցության ստեղծումն է, այլ մշակութային այնպիսի վարքականոնների ձևավորումն է, որոնք ազգային անվտանգությունը կդնեն ամենօրյա անելիքների առաջնագծում: Նման սոցիալական փոփոխությունները օլիգարխների շահերից չեն բխում, քանի որ այդ բարեփոխումների շնորհիվ կառավարական կառույցների կողմից ձեռնարկվող գործողությունները մշտապես կլինեն զննության առարկա:

    Նման սոցիալական փոփոխությունները չէին լինի ինքնին հակաօլիգարխիկ, քանի որ դրանց կհետևեր հակամենաշնորհային իրավակիրառման պահանջարկը։  Հայաստանն, ի վերջո, հավակնում է լինել հանրապետություն։  Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Այն, որ մարդիկ քվեարկում են ազատ ընտրություններում, դեռևս չի նշանակում, որ ժողովրդավարությունը պահպանվում է։  Ժողովրդավարությունը գալիս է մշտական պատասխանատվությամբ։ Դա ինքնանպատակ չէ։  Հայաստանում վերջին սերունդների օրոք ստեղծված համակարգի վերափոխումը մեծ ջանքեր ու զոհողություններ կպահանջի՝ եթե Հայաստանը ցանկանում է պահպանել ինքնիշխանության գոնե այն երևութականությունը, որն ունի:

    Երևան, Հայաստան

    Հեղինակ՝ Դավիթ Դավիթյան (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս: Նա մեկ տասնամյակից ավելի աշխատել է բարձր տեխնոլոգիաների խոշոր ընկերություններում որպես տեխնիկական բանականության վերլուծաբան: Բնակվում է Հայաստանում՝ Երևանում:)

    Share.